Այսօրվա կառավարության արտահերթ նիստում ՀՀ-ում արտակարգ դրությունը 5-րդ անգամ երկարաձգվեց։
Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 17։00:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ թույլատրվելու են ցույցեր, երթեր անել։ Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան ընդգծեց, որ թույլատրվելու են ցույցերը, սակայն քաղաքացիները պարտադիր պետք է կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն։
«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։
«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջեւ՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։











