Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները. Թաթոյանը ԱԽՔ-ի դեմ հայց է ներկայացրել

114

Արմեն Գրիգորյանը գերազանցել է իր լիազորությունները՝ քննարկելով Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարցը։ Այս մասին չորեքշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղարի այն հայտարարությանը, թե օմբուդսմենը զբաղվում է քաղաքականությամբ, և որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՄԻՊ-ի նոր թեկնածու ունի։

«Ես ասեմ, որ այդ պաշտոնատար անձը գերազանցել է իր լիազորությունները։ Ընդհանրապես, ո՞վ է իրավունք նրան տվել Մարդու իրավունքների պաշտպանի փոփոխության հարց քննարկել։ Դա բացահայտ ոտնձգություն է ՀՀ ՄԻՊ անկախ հաստատության նկատմամբ, այն էլ գործադիր իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից։ Քանի որ Հայաստանում կա մարմին, որը հանրային ծառայողի վարքագծի կանոնների խախտման համար հարուցում է վարույթներ, պատասխանատվության ենթարկելու հարց է լուծում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ես դիմել եմ այդ հանձնաժողով։ Այդ մարդն իր հայտարարությունների համար պետք է պատասխան տա», – ընդգծել է նա։

Թաթոյանը շեշտեց, որ Արմեն Գրիգորյանը մեր ճանապարհներին ադրբեջանցիների ամրանալու գլխավոր պատասխանատուներից է։