Այսօր հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Հանդիպման ընթացքում Գրիգորյանը Հաջիևի հետ քննարկել է Հայաստանը կործանման տանող բոլոր թեզերը՝ այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները, սահմանազատումը, տրանսպորտային ուղիների բացումը, ինչպես նաև անհասկանալիորեն կրկին մեջտեղ բերված ականների հարց, որոնց քարտեզները փաշինյանական թիմը տվեց թշնամուն առանց որևէ նախապայմանի և ինչ-որ «ադրբեջանցի անհետ կորածների» խնդիրներ։
Լուսանկարից պարզ է դառնում, որ թշնամական կողմը կրում է Շուշին բռնազավթելուց հետո իրենց խորհրդանիշ դարձրած կրծքանշանը, իսկ Արմեն Գրիգորյանը, Լիլիթ Մակունցի հետ միասին, երջանիկ դեմքով լուսանկարվում է նրանց հետ։
Նշենք, որ Ալիևի հետ ուղիղ հարաբերվելու գործընթացն ամբողջությամբ կազմակերպվում է Արմեն Գրիգորյանի միջոցով։











