Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարուցված քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է:
Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան, թե արդյոք Սերգեյ Բագրատյանը որևէ քրեական գործում որևէ քրեադատավարական կարգավիճակ ունի՞, հայտնեց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Թե ինչ գործի շրջանակներում է հարցաքննվել Սերգեյ Բագրատյանը և որ կառույցում է այն քննվում, Խաչատրյանը չպատասխանեց, միայն նշեց, որ նախաքննական տվյալների գաղտնիությունից ելնելով՝ ավելին չի կարող հայտնել:
Հիշեցնենք, որ Բագրատյանը երեկ դիմում էր գրել ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից դուրս գալու համար՝ չտալով որևէ մեկնաբանություն, թե ինչու:
Իսկ մինչ այդ, Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակից հետո Սերգեյ Բագրատյանն անհետ կորել էր և որևէ կերպ չէր պատասխանում զանգերին: Ի դեպ, նա չէր մասնակցում նաև Ծառուկյանին աջակցող ցույցերին:











