«Երեկ գիշեր Շուշիի հարևանությամբ գտնվող անտառածածկ տարածքներից ուժեղ պայթյուններ լսվեցին, որից հետո Արցախում գազամատակարարումն անջատվեց։ Հետո պարզեցինք, որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար է պայթեցվել ու մինչ այս պահը թշնամին թույլ չի տալիս, անգամ ռուս խաղապահներին՝ մոտենալ ու հասկանալ ինչո՞ւմն է խնդիրրը։ Ամբողջ Արցախի բնակչությունը սառած նստած է տներում, որովհետև պատերազմից հետո արդեն նաև էլեկտրաէներգիայի խնդիր ունենք, ու հիմա չգիտենք ի՞նչ անենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» դաշինքի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա դիտարկմամբ՝ թշնամուն խիստ դուր չի եկել Արցախի կողմից Ուկրաինային տրամադրված 14 տոննա հումանիտար օգնության փաստը, որի մասին Ռուսաստանի կողմից հայտարարվելը Բաքվում գնահատել են որպես սադրանք ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ. «Պատերազմի օրերին էլ մի քանի անգամ գազատարը պայթեցվեց, հրադադարից հետո, նույնպես, նման դեպքեր եղան, բայց ռուս խաղաղապահներին հաջողվում էր հարցին արագ կերպով լուծում տալ։ Հիմա՝ երեկվանից, ադրբեջանական կողմն անգամ թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին մոտ գնալ գազատարին, որպեսզի, գոնե, հասկանան՝ ի՞նչ ծավալի վթար է տեղի ունեցել, կամ ինչպե՞ս կարելի է արագ լուծել խնդիրը»։











