Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի այլընտրանքային ճանապարհը «շատ ավելի անվտանգ է լինելու»։
Խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ Հարությունյանը շեշտեց՝ նոր մայրուղու ընտրության հարցով քննարկումներին մասնակցել է նաև Ստեփանակերտը, ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված որոշ հանգամանքներ, որոնց մասին Արցախի նախագահը նախընտրեց չբարձրաձայնել:
«Կապված երթուղու հետ, մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն՝ եւ Ադրբեջանի կողմից, եւ ՌԴ-ի կողմից. բոլոր առաջարկությունները մերժվել են: Գործող մայրուղին, ավելի ճիշտ առաջարկվողը, քննարկվել է մի քանի անգամ՝ Անվտանգության խորհրդում, որին մասնակցել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական ուժերը: Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը: Կան գաղտնիքներ, որոնք ես չեմ ուզում այստեղ բարձրաձայնել: Ինչո՞ւ ենք ընտրել այդ տարբերակը՝ հենց հիմք ընդունելով անվտանգային հետագա մեր խնդիրը: Ճանապարհն ավարտվելուց հետո, մենք հնարավորություն ենք ունենալու մեր կարծիքն ասելու՝ որակի առումով համապատասխանո՞ւմ է այն ստանդարտներին, որը մենք ենք ուզում, արդյոք լինելու է անվտանգ, իսկ իմ կարծիքով՝ շատ ավելի անվտանգ է լինելու՝ բազմաթիվ անվտանգային խնդիրներ հաշվի առնելով»:











