Արարատ Միրզոյանի համար Ադրբեջանի փոխանցած 5 առաջարկներում «մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա»

199

Մեր դիրքորոշումը այն է, որ մեզ փոխանցված ադրբեջանական առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից  ներկայացված 5 առաջարկություններին, ասաց Նիկոլ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչ Արարատ Միրզոյանը։

Միրզոյանի խոսքով՝ «ուղղակի այդ հարցերն ամբողջապես չեն հասցեագրում ՀՀ–Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգը և իրենք սկզբունքային են համարում ԼՂ հայության իրավունքները և ԼՂ կարգավիճակի հարցի հասցեագրումը»։

Արարատ Միրզոյանը նշեց, որ պատրաստ են սկսել բանակցությունները Ադրբեջանի հետ։

Հիշեցնենք, թե ինչ է առաջարկում Ադրբեջանը՝

-Ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական սահմանների անխախտելիության և միմյանց քաղաքական անկախության փոխադարձ ճանաչում:

– Պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու իրավական պարտավորություն:

– Ձեռնպահ մնալ միջպետական հարաբերություններում միմյանց նկատմամբ անվտանգության սպառնալիքից, քաղաքական անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների եւ ուժի կիրառումից, ինչպես նաեւ ձեռնպահ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին չհամապատասխանող քայլերից:

– Սահամանազատում և սահմանագծում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում:

– Տրանսպորտային հաղորդակցությունների բացում, համապատասխան այլ հաղորդակցությունների ստեղծում և համագործակցություն՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: