Առաջիկա ժամերին «Լիդիան Արմենիան» ընկերությունը կհեռացնի այն վագոն-տնակները

8

պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ամուլսարի շուրջ վերջին օրերին ծավալված բուռն իրադարձություններից, երեք օր շարունակ տևած բողոքի գործողություններից ու երկարատև բանակցություններից հետո ի վերջո հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել այն մասին, որ առաջիկա ժամերին «Լիդիան Արմենիան» ընկերությունը կհեռացնի այն վագոն-տնակները, որոնք Ամուլսարի պահապանների տնակների փոխարեն տեղադրել էին համայնքային տարածքում։

«Լիդիանի» կողմից այդ քայլին դիմելը ոչ այլ ինչ էր, քան ինքնիրավչություն, տնակները հանվել ու դրանց փոխարեն նորերն էին տեղադրվել գիշերով, գաղտագողի։ Այսպիսով, այս փուլում «Լիդիանը» կվերացնի այդ ինքնիրավչության հետևանքները, և հաջորդիվ, ամենայն հավանականությամբ, բանակցություններ տեղի կունենան Ամուլսարի պահապանների վագոն-տնակները իրենց տեղակայման կամ մոտակա այլ տարածք վերադարձնելու շուրջ։

Այս պայմանավորվածությունը, «Լիդիանի» տնակների ապամոնտաժումը պետք է կարևոր քայլ համարել, քանի որ այդպիսով զսպվում է այն ամբարտավան պահվածքն ու վարքագիծը, որը վերջին օրերին դրսևորում էր հանցավոր ճանապարհով Ամուլսարի հանքի շահագործման լիցենզիա ստացած այդ ընկերությունը՝ ինչպես իր վարձած պահնորդական ծառայության ներկայացուցիչների հակաիրավական քայլերով, այնպես էլ իրար հետևից տարածվող հանդիմանալից հայտարարություններով։

Այս քայլով ըստ էության լեգիտիմացվում է Ամուլսարի պահապանների, բողոքի արդարացի ու ազնիվ պայքար իրականացնող քաղաքացիների պահանջը, որը, վստահաբար, պետք է ունենա շարունակություն և նպաստի այն կարգախոսի իրականացմանը, որի շուրջ կառուցված է պայքարի ողջ փիլիսոփայությունը՝ Ամուլսարը սար է մնալու։

Լուսանկարը՝ Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան էջից»։