2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, իսկ 2020-ի հուլիսինը՝ առանձին մարտական գործողություններ էին․ Արծրուն Հովհաննիսյան

23
ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը 168․am–ի հետ զրույցում անդրադարձել է 2016թ․ ապրիլյան գործողություններին՝ պարզաբանելով, ի վերջո, դա պատերազմ էր, թե դիվերսիա։

«Պատերազմի և այլ տիպի մարտական գործողությունների բնորոշումների համար դասական ընկալումներն արտահայտվում էին առաջին հերթին հենց ծավալով, բայց դրանք աշխարհում այսօր շատ կտրուկ փոփոխության են ենթարկվում, և դժվար է ասել՝ այս ծավալի դեպքում պատերազմ է, այս ծավալից ներքև՝ պատերազմ չէ, որովհետև այդ կանոնները, կարելի է ասել, շատ պայմանական են, փոփոխական: Ինչ վերաբերում է հարցին, թե ապրիլին ինչ ունեցանք՝ պատերա՞զմ, թե՞…, ինձ համար շատ հստակ է եղել բնորոշումը, 2016-ի ապրիլին տեղի ունեցածը պատերազմ էր, և ոչ թե չորսօրյա, այլ մոտ մեկամսյա: Իսկ 2020-ի հուլիսին տեղի են ունեցել առանձին մարտական գործողություններ կամ առանձին օպերացիա, որը բավականին մեծ ծավալի էր, բայց պարզ է՝ ապրիլյանից փոքր»:

Ճշտող հարցին՝ օրեր հետո հաստատվել է հրադադար, այդ դեպքում՝ ինչո՞ւ մեկամսյա, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Հրադադար եղավ, այո, սակայն հրետանային փոխհրաձգությունները, բավականին լուրջ և ինտենսիվ կրակոցները, կարելի է ասել, շարունակվեցին ամբողջ ապրիլ ամիսը»:

Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյայից հետո Արցախի ՊՆ–ն՝ «2016 թ․ ապրիլի 2-5-ի քառօրյա պատերազմը» վերտառությամբ հաղորդագրություն էր տարածել, որում ասվում է․ «Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով ՝ Ադրբեջանը հարկադրված էր ս. թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։