Անվտանգության խորհուրդը սրբագրել է Սահմանադրությանը հակասող հաղորդագրությունը

33

Անվտանգության խորհուրդը սրբագրել է իր իսկ տարածած մամուլի հաղորդագրությունը՝ վերանայելով ՀՀ նախագահին վերաբերող ձեւակերպումները։

ԱԱԽ-ի տարածած մամուլի հաղորդագրության առաջին տարբերակում կարդում ենք՝ «Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակվման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։

ՀՀ նախագահը, լինելով Սահմանադրության պահպանմանը հետեւող կարեւորագույն ինստիտուտ, պարտավոր է միանշանակ կերպով ցուցաբերել համապատասխան մոտեցում:

Ելնելով վերը նշվածից, Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին կոչ է անում բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը եւ ստորագրել համապատասխան հրամանագիր»:

Սակայն որոշ ժամանակ անց, հասկանալով իրենց այս հաղորդագրության անգրագիտությունը, որ Սահմանադրությամբ նախագահը չունի պարտավորություն միայն ստորագրելու, նա ունի նաեւ իրենց ներկայացված վիճահարույց փաստաթղթերը չստորագրելու լիազորություն։

Երկրորդ տարբերակի մեջ արդեն նշվում է. Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝

Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»: