Անի մայրաքաղաքին մոտ սահմանային գոտու վարելահողերը կսկսեն մշակվել

26

Շիրակի մարզում հարյուրավոր հեկտար վարելահողեր անմշակ են: Խոսքն այն հողատարածքների մասին է, որոնք գտնվում են սահմանային գոտում և մշակության համար անցագրային ռեժիմ է գործում: Օրինակը Անիի տարածաշրջանի գյուղերում է: Բագրավան, Ձիթհանքով ու Շիրակավան գյուղերի բնակիչների հողերի մեծ մասը անմշակ է 20 տարուց ավելի ու պատճառը սահմանային ռեժիմի արգելքներն են: Այդ հողերի 30 հեկտարն այս տարի վարձակալության է տրվել «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Քարքարոտ ու ճիմապատ դարձած հողերից նորից բերք ստանալու փորձնական ծրագիր է սկսել: Այս մասին գրում է Shantnews.am-ը։

Անի կայարանից դեպի այս տարածաշրջանի վարելահողեր տանող ճանապարհն անցնում է սահմանային ուղեկալով: Հատուկ անցագիր ու թույլտվություն է պետք հողերին հասնելու համար: Գյուղացիները սովորաբար այդպիսի անցաթղթեր ստանում են ամբողջ տարվա համար: Վարուցանք անելու, բերք ստանալու մուտքի խնդիր չունեն, բայց սահմանափակումներ կան, որոնք հողի մշակումը դժվարացնում են, ինչի հետևանքով սահմանային գոտում հարյուրավոր հեկտարներ անմշակ են:

Բագրավանն ամենաշատ հողերն ունի սահմանային գոտում: Նախկին կոլխոզի մոտ 300 հեկտար հողերը բաժանվել են Բագրավան, Շիրակավան և Ձիթհանքով գյուղերի միջև: Վարուցանքի սեզոնին գյուղացիները զրկված են առավոտ շուտ գործը սկսելու հնարավորությունից: Պետք է գործը սկսեն այն ժամին, երբ ուղեկալն է բացվում և աշխատեն այնքան ժամանակ, ինչքան սահմանապահներն են թույլ տալիս: Տարիներ առաջ սահմանային գոտին, ըստ գյուղացիների, այլ տեղից է սկսվել:

«Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը այս տարածքում 30 հեկտար հող է վարձակալել: Բարեգործական փորձնական ծրագիր են սկսել՝ Խարկովում նորից հացահատիկ մշակելու և մշակածը Անիի տարածաշրջանի գյուղերին հատկացնելու համար: Տարիներով անմշակ մնալու պատճառով հողերը դարձել են քարքարոտ ու ճիմապատ: Մշակելու մի քանի պրոցեսներից հետո հողը կվերադառնա իր գործառնական նշանակությանը:


«Հարյուրավոր հեկտար վարելահողեր ընդամենը վերածվել են խոտհարքների: Շատերը հարևան գյուղերից, ովքեր հողամասեր ունեն այս կողմերում, ընդամենը խոտ են քաղում և այս դաշտերը չի մշակվում: Այն դեպքում, երբ խորհրդային տարիներին հացի շտեմարան է համարվել 300-400 հա հողերը Խարկովի ու Բագրավանի: Հողը երկար տարիներ չի մշակվել, ճիմակալել է ամբողջը: Ձեռքով ճիմ ենք հավաքում դաշտերից: Մեկ-երկու տարի դեռ պետք է այս ամբողջը մշակել, որ կարողանանք ճիմից մաքրել դաշտերը, որ նորմալ բերք ստանանք: Սրանով ուշադրություն ենք բևեռում այդ խնդրի վրա, որ հարյուրավոր հեկտար հողեր չեն մշակվում: Մարդկանց, հովանավորների և պետության ուշադրությունն ենք հրավիրում պրոբլեմին, որովհետև մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ»,- Shantnews-ին ասաց «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը: