Անհետ կորած զինվորների ծնողները 13 օր է՝ լուր չունեն զավակներից․ ՊՆ-ն ասում է՝ սպասեք

63

Ադրբեջանի ծավալած վերջին պատերազմի արդյունքում կան անհայտ կորած զինվորներ՝ թե Գեղարքունիքում, թե Սյունիքում. Ծնողները հավաքվել են ՊՆ դիմավ և պահանջում են տեղեկություն իրենց որդիների մասին։

Ծնողներն ահազանգում են՝ երեխաների մասին տեղեկություն չունեն, ոչ էլ իրազեկում են, թե ինչ որոնողական աշխատանքներ են կատարվում՝ չգիտեն՝ երեխաները ողջ են, թե մեռած, վիրավոր են, թե գերեվարված։

Զինվորներից Անթալյան Սամվելի հայրը պատմում է, որ որդին 2 ամսվա զինծառայող է եղել Սյունիքի Ներքին Հանդ գյուղում։ Սեպտեմբերի 12-ի գիշերը դիրքերում շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել, դրանից հետո սկսվել են ռազմական գործողությունները և որդուց մինչ այս պահը լուր չունի։ Ոչ ոք չի պատասխանում իրենց հարցերին, թե որտեղ կարող է լինել որդին։ ՊՆ-ից ասում են՝ սպասեք, իսկ Ներքին Հանդում կարողացել են հանդիպել միայն անտառապահի հետ։

Մեկ այլ զինվորի ծնող՝ Սերժ Ղազարյանը, ասում է, որ 13 օր է՝ տեղեկություն չունի որդու մասին․
«Միայն գիտենք, որ գտնվում են Վերին Շորժայի տարածքում ինչ–որ ձորակի մեջ` վիրավոր և զոհված։ Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին` մենք որևէ պատասխան ենք ուզում։ Իմ տղան 1.5 տարվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Վերջին լուրը սեպտեմբերի 13-ի առավոտյան եմ նրանից ստացել։ Հիմա ես չգիտեմ` իմ տղան գերեվարվել է, զոհվել է, թե վիրավոր է»,–ասաց նա։