Անգրագետ գործարար մը․ Փաշինյանի խոսքերին արձագանքում է Քերոբյանը

17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին դժգոհեց, որ գործարարները ներդրում չեն անում գիտելիքի, տեխնոլոգիաների ու արտադրանքի ստանդարտները բարձրացնելու վրա։

Վարչապետի հայտարարությանն արձագանքել է գործարար, «Մենյու Գրուպ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանը։ Ֆեյսբուքյան իր էջում Քերոբյանը գրել է․

Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ ութ և կես րոպե հատկացրեց, որպեսզի մեզ՝ բիզնեսմեններիս, ներկայացնի որպես հարկերից խուսափող, անգրագետ և միջազգային ստանդարտներին չհամապատասխանող մարդկանց, ովքեր կառավարությունից շատ բան են ուզում, բայց լայաղ չեն անում հարկերը վճարել ու զինվորի հացն են գողանում։ Եվ նա դա ասաց բիզնեսմենների հետ գործընկերային հարաբերությունները խորացնելու ՌՈՄԱՆՏԻԿ վերնագրի ներքո։

Չեմ կարող չհամաձայնել, որ մեր կառավարությունը չի գողանում, և հարկեր էլ իջեցրել է, ու որ հարկերը չվճարելը գողություն է և զինվորի հաց գողանալ, բայց․

ա) մի՞թե մենք՝ որպես բյուջեն լցնող և կառավարության ԳՈՐԾԱՏՈՒ հանդիսացող խավ, իրավունք չունենք քննադատել կառավարությանը տարբեր հարցերի շուրջ, այդ թվում և տնտեսական քաղաքականությանը վերաբերողներին;

բ) արդյո՞ք 2018 և 2019 թվականի բյուջեի եկամտային մասը գերակատարող խավին իրավունք ունի քննադատել բյուջեի ծախսային մասը թերակատարող թիմը;

գ) արդյո՞ք մենք՝ բիզնեսմեններս, անմասն ենք մեր բանակի հաղթանակներից և պարտություններից։

դ) արդյո՞ք Կառավարությունը ու մասնավորապես ՊԵԿ-ը, մեղավոր չէ, որ կան հարյուր հազարավոր չգրանցված աշխատողներ, որ հարյուր հազարավոր գրանցված աշխատողների իրական աշխատավարձն էապես ավելի ավել է, քան իրենց գրանցվածը, որ դիստրիբյուցիայով զբաղվող բազմաթիվ ընկերություններ չեն կարող նույնիսկ զոռով հաշիվ-ֆակտուրա դուրս գրել Երևանից դուրս գտնվող խանութների բացարձակ մեծամասնությանը և այլն, և այլն։

Ստորագրեմ էսպես՝ վերջին մի հինգ տարիներին խոշոր հարկատու հանդիսացող, միջազգային աուդիտ անցնող, Սերժի ժամանակ խոսող, այս Կառավարությանն ամենամեծ հաջողությունը ցանկացող, անգրագետ գործարար մը։