ԱՄՆ քաղաքացիները պահանջում են դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

7
ԱՄՆ քաղաքացիները Սպիտակ տան պաշտոնական կայքում ստորագրահավաք են նախաձեռնել, որով պահանջում են դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունն ու USAID-ի կողմից հատկացվող ֆինանսավորումը։ Հայտնում է factor.am-ը:

Ստորագրահավաքին կցված հայտարարության մեջ նշված է․

«Ամերիկացի հարկատուներից ստացվող ավելի քան 1․5 միլիարդ դոլար վատնվում է ավտորիտար կառավարության ֆինանսավորման համար, որը ղեկավարվում է նավթով հարուստ օլիգարխ Իլհամ Ալիևի և նրա կնոջ կողմից: Այդ գումարները յուրացվել և օգտագործվել են տարածաշրջանային պատերազմներ հրահրելու համար։ Ադրբեջանական արժեքները չեն համընկնում Միացյալ Նահանգների ժողովրդավարական արժեքների հետ և ոչ մի օգուտ չեն բերում ժողովրդին։ Մենք ՝ ամերիկացի ժողովուրդը, ցանկանում ենք դադարեցնել Ադրբեջանի ամբողջական ֆինանսավորումն ու օգնությունը և այդ գումարներն ուղղել այլ վայրեր, ինչպիսիք են փոքրամասնությունների հնարավորություններն ու բարգավաճումը, կրթությունն ու պետական այլ ծրագրեր։ Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն ու USAID-ի ֆինանսավորումն Ադրբեջանին»։

Ստորագրահավաքին 2․000-ից ավելի քաղաքացի է միացել։

Հիշեցնենք՝ հուլիսի 20-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանական հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության նկատմամբ վերահսկողությունը կխստացվի: