ԱՄՆ փոխպետքարտուղարը հայտարարել է, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում

109

Չնայած Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Միացյալ Նահանգները խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղի հարցում պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն խնդրի խաղաղ ու տևական կարգավորման, անցած շաբաթավերջին «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը։

Երևան ժամանելուց առաջ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հանդիպումներ էր ունեցել Վրաստանում ու Ադրբեջանում։

Քերըն Դոնֆրիդ. ԱՄՆ-ը շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը: Եվ մենք կշարունակենք դա անել առաջիկայում:

«Ազատություն». – Համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ:

Քերըն Դոնֆրիդ. – Այո՛։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ, այո՛: Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։

«Ազատություն». – Բայց կա ևս մեկ խոչընդոտ. Ալիևն ասում է` «կարիք չկա, շնորհակալություն»:

Քերըն Դոնֆրիդ. – Դե, Ադրբեջանը չի աջակցում Մինսկի խմբի համանախագահության գործընթացին։ Միացյալ Նահանգներն աջակցում է, և մենք մասնակցում ենք այդ գործընթացին և կշարունակենք մասնակցել։