Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը պահանջում է, որ ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակութային հարցերով կազմակերպության՝ UNESCO-ի ներկայացուցիչներն այցելեն Արցախ՝ գնահատելու պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված իրավիճակը՝ «Լուրեր»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է ամերիկյան արտաքին գերատեսչության ներկայացուցիչը։
«Ուշադիր հետևում ենք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում տիրող իրավիճակին։ Շարունակում ենք հանձնառու լինել օգնելու Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու հակամարտության խաղաղ և մնայուն կարգավորմանը»,- նշված է պատասխանի սկզբում։
Այնուհետև ԱՄՆ արտաքին գերատեսչությունը կողմերին կոչ է արել հարգել միջազգային իրավունքի ներքո ստանձնած հանձնառությունները և պարտավորությունները, որոնց թվում է նաև կրոնական և մշակութային վայրերի պահպանությունը։











