ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ նշելով, որ իր վարչակազմը պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ՝ տարածաշրջանային խաղաղության հասնելու համար։
«Իմ վարչակազմն Ադրբեջանի հետ կաշխատի անվտանգության և տարածաշրջանային խաղաղության հետ կապված ընդհանուր անհանգստություն առաջացնող հարցերի լուծման ուղղությամբ։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ մենք հանձնառու ենք աջակցել կողմերին հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ կարգավորմանը, խրախուսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությանը՝ հանուն բարեկեցիկ և խաղաղ ապագայի»,- նշվում է Բայդենի ուղերձի մեջ, որը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայք էջում։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ իր վարչակազմը սատարում է Ադրբեջանի ջանքերը, որոնք ուղղված են տնտեսության դիվերսիֆիկացմանը և Կասպից ծովում էներգետիկ հնարավորությունների զարգացմանը։ «ԱՄՆ-ն միտված է դիտարկել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները»,- նշել է Բայդենը։














