ԱՄՆ նախագահի խորհրդականն Ադրբեջանի ԶՈՒ տեղաշարժերը որակել է «անպատասխանատու և սադրիչ»

27

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հետ։ Սալիվանը մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև վերջին օրերի լարվածության առնչությամբ.

«Ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ». – ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Հեռախոսազրույցների ընթացքում Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հարավային Կովկասում հաստատելու խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և երկու առաջնորդների հանձնառությունը՝ խնդիրը կարգավորելու խաղաղ ճանապարհով։

ԱՄՆ նախագահի խորհրդականը անհրաժեշտ է համարել երկու երկրների կողմից միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկում իրականացնելը: Նա ևս մեկ անգամ վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: