Ամերիկացի նախկին համանախագահը կարծում է, որ Մինսկի խմբի ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար

17

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է  հայ-ադրբեջանական գործընթացին: Այս մասին նա խոսել է «Ամերիկայի ձայն»-ին տված ծավալուն հարցազրույցում:

«Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց»,- ասել է Ուորլիքը:

Խոսելով դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման հավանականությանը՝ դիվանագետը նշել է, որ առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իր ընկալմամբ, վերաբերում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությանը բանակցություններին:

Ըստ Ուորլիքի՝ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից:

Անդրադառնալով կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտին՝ Ուորլիքն ասել է. «Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը»:

Ուորլիքը նշել է, որ կարգավիճակի շուրջ քննարկումը շատ կարևոր է, բայց նաև տեղյակ  է Ալիևի հռետորաբանությանը, որ իբր «հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է»։

Մեղմ ասած, չհակադարձելով Ալիևի պնդումներին, նախկին համանախագահ Ուորլիքն անհրաժեշտ է համարում քննարկումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: (ԽՄԲ․ Հիշենք, որ նա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության տարիներին Մադրիդյան սկզբունքների շուրջ էր բանակցում՝ այսինքն քննարկում էր ոչ է ԼՂ ժողովուրդի իրավունքների, այլ կոնկրետ ինքնորոշման իրավունքի հարցը)։

«Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում»,- ասել է նա։

Անդրադառնալով օրերս Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի՝ Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ հանդիպմանը և, առհասարակ, ԱՄՆ-ի ակտիվությանը և դերին այս գործընթացում՝ Ուորլիքն ընդգծել է, որ դեսպան Ռիկերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է:

«Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիկերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից», – ասել է դիվանագետը:

Խոսելով այս գործընթացում Մոսկվայի դերակատարման մասին՝ Ուորլիքը նշել է. «Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ն և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալ ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար»: