Ամենաակտիվ և ամենապասիվ պատգամավորները ԲՀԿ-ից են

26
Բարգավաճ Հայաստան

ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը ներկայացրել է 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած և ամենաակտւվ պատգամավորների ցանկը։

Ըստ այդմ, ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է:

«Նախորդ նստաշրջանում «ԲՀԿ» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լքել էր նիստերից ամենաշատը բացակայած պատգամավորների շարքը, հիմա նորից վերադարձել է այդ դիրքին: Ընդհանրապես, ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածների հնգյակում պատգամավորներից չորսը «ԲՀԿ»-ից են, մեկը՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Պետք է ասեմ, որ «Իմ քայլ»-ի պատգամավորը ֆիզարձակուրդում է եղել»,- նշեց Վասիլյանը:

Նրա խոսքով՝ նախորդ նստաշրջանում իրենք բախվել էին խնդրի, քանի որ ամենաշատ բացակայածների տասնյակում հայտնվել էին ամենաշատ գործուղման մեկնած պատգամավորները։ «Այս անգամ գործուղումներ չեն եղել»,- ընդգծեց ծրագրի ղեկավարը։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն, անդրադառնալով Ծառուկյանի բացակայություններին, նշեց, որ վերջինս բացակայել է կորոնավիրուսային հիվանդության և իր տարիքի պատճառով:

«ԱԺ-ում այդ կարգը կար, որ կարելի էր դիմել ԱԺ նախագահին և չմասնակցել նիստերին։ Այդ բացակայությունները դրանով են պայմանավորված»,- ասաց Մելքումյանը։

Լուսինե Վասիլյանը, ներկայացնելով ամենաակտիվ պատգամավորների տվյալները, հայտնեց, որ ամենաշատ հարց տված պատգամավորը «ԲՀԿ»-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն է:

Ընդհանուր առմամբ, 132 պատգամավորներից 20-ը որևէ ելույթ չի ունեցել և հարց չի հնչեցրել։