Ալմա-Աթայի հռչակագիրն ստորագրել է նաեւ Ուկրաինայի նախագահը, իսկ այդ պահին Ղրիմն ու Դոնբասը եղել են Ուկրաինայի կազմում. հիշեցում Լավրովին

134

Եղեք հետեւողական, Սերգեյ Վիկտորովիչ։ Տելեգրամի իր էջում նման դիտարկում է արել քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը։

«Այսօր Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ սահմանազատումը ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա լուծում են Ղարաբաղի կարգավիճակի հարցը»:

Այսինքն՝ հիմք են ընդունվում միութենական հանրապետությունների սահմանները։ Հիշեցնեմ նախարարին և Սմոլենսկի Հրապարակի Հայաստանի բաժնում նստած մարդկանց։

Նախ, 1991թ.սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակվեց Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում’ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) և Ադրբեջանի ԽՍՀ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում։

Երկրորդ, նաև մինչև հռչակագրի ստորագրումը 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարեց իր անկախության մասին։

Այսպիսով, մինչ հռչակագրի ստորագրումը անհնար է անտեսել ստեղծված իրականությունը։ Ուստի Ադրբեջանի կազմում ԼՂՀ կարգավիճակի քննարկումը ոչ միայն կոռեկտ չէ միջազգային իրավունքի տեսանկյունից, այլև վտանգավոր է, քանի որ հաշվի չի առնում օբյեկտիվ իրողությունները։

Ինչ վերաբերում է հաջորդականությանը

1. Ալմա-Աթայի հռչակագիրը ստորագրել է նաև Ուկրաինայի նախագահ Կրավչուկը։ Այդ ժամանակ և Ղրիմը, և Դոնբասը, և մի շարք այլ տարածաշրջաններ Ուկրաինայի կազմում էին։ Այսինքն՝ Ռուսաստանն նրա տարածքային ամբողջականությունն այդպիսին է ճանաչել։

2. Եթե տվյալ մոտեցումը համարում եք միակ ճիշտը, ապա նպատակահարմար է սեփական օրինակով ցույց տալ, թե ինչպես պետք է դրան հավատարիմ մնալ, այն է՝ բանակցություններ վարել Ուկրաինայի հետ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Ելնելով Ձեր հայտարարությունից՝ հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման մոտեցումը պետք է հիմնված լինի ընդհանուր տրամաբանության վրա և լինի համընդհանուր, այլ ոչ թե ընտրովի։ Կամ Ալմա-Աթայի հռչակագիրը ուղարկվում է պատմության գզրոց՝ որպես այլևս ոչ արդիական փաստաթուղթ, կամ ԱՊՀ անդամ բոլոր պետությունները պահպանում են այն առանց երկակի ստանդարտների:

Քանի որ վերջինս չի կատարվում, ապա ոչ Երևանը, ոչ Ստեփանակերտը չեն կարող համաձայնել նման հայտարարությունների հետ»,- գրել է Մելքոնյանը։