Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պետք է իրենից ներողություն խնդրի։
Նա նշել է, որ Մակրոնի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիայի մասին «անընդունելի են», եւ Փարիզն «ինքն իրեն հեռացնում է» կարգավորման գործընթացից:
«Ադրբեջանի ու Թուրքիայի վերաբերյալ Մակրոնի մի շարք հայտարարություններն անընդունելի են»,- ասել է նա:
Ադրբեջանի նախագահի խոսքով, ինքը Մակրոնին ներողություն խնդրելու կոչ է արել:
«Նա մեզ մեղադրեց, զրպարտեց, եւ դա մեզ համար անընդունելի է: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, ապա մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը ցանկանում է գրավել Լեռնային Ղարաբաղը, եւ մենք դա թույլ չենք տա: Ֆրանսիան ինքն իրեն դուրս դրեց այս եռյակից, եւ մենք չենք կարող լռել այս մասին»,- ասել է Ալիեւը:














