Ալիևը բռնազավթված Ստեփանակերտից հերքում է Փաշինյանին

483

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մեջ ներգրավված միջնորդներն իրականում փորձել են սառեցնել իրավիճակը։ Այս մասին բռնազվթված Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու հավելել, թե այս ողջ ընթացքում միջնորդները հավատում էին, որ ադրբեջանական ժողովուրդը կհամակերպվի այս իրավիճակի հետ (Արցախի Հանրապետության անկախության հետ-խմբ). «Բայց ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մտածել այս իրավիճակի հետ համակերպվելու մասին։ Ես դա բազմիցս ասել եմ տարբեր հարթակներից, որ մենք չենք հաշտվելու այս իրավիճակի հետ, թույլ չենք տա, որ ստեղծվի հայկական երկրորդ պետություն, և եթե բանակցություններն անհաջող ընթանան, ապա մենք ուժ կկիրառենք»։

Ալիևը նաև նշել է. «Եթե Հայաստանի ղեկավարությունը և նրա թիկունքում կանգնած որոշ արտաքին ուժեր այն ժամանակ և այսօր լսեին իմ խոսքերը, ապա Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի կարիքը չէր լինի։ Ես բազմիցս ասել եմ՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը՝ եթե չլքեք հողերը, դեմ առ դեմ կհանդիպեք մեզ հետ մարտի դաշտում։ Անկախ նրանից, թե ով է կանգնած ձեր թիկունքում, դա չի կարող մեզ ստիպել շեղվել մեր արդար ճանապարհից»,-ասել է Ալիևը։

Ըստ էության, Ալիևը հերքել է Փաշինյանի այն պնդումները, թե միջազգային հանրությունը նախկինում Արցախը դիտարկել է որպես Ադրբեջանի մաս կամ թե այն նախկիններն են հանձնել։ Ալիևն իր բերանով հայտարարել է, որ միջազգային հանրությունը Բաքվին էր դրդում համակերպվել Արցախը կորցնելու մտքի հետ։