2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը փաստացի Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, դրանք հստակ նշված են, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, թե այդ պարտավորություններից մեկը «Ղարաբաղից հայկական զորքերի» դուրս բերելն է։
«Մինչև այսօր այդ հարցը լուծում չի ստացել։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, բայց Հայաստանը ձգձգում է։ Մենք այդ հարցը նաև ռուսական ռազմական ղեկավարության առջև ենք բարձրացրել, և մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով այցով Ադրբեջանում էր, մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զորքերը դուրս կգան Ղարաբաղից։ Բայց արդեն հուլիսի կեսն է, և այդ հարցը լուծված չէ։ Հայաստանը չի կատարում իր այդ պարտավորությունը՝ չնայած նոյեմբերի 10-ի համաձայնագրին:
Ռուս խաղաղապահները, ռուսական կողմը, որը նույնպես ստորագրել է նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, ինչպես ասում են, չի ստիպում նրանց։ Իհարկե, դա ընդունելի չէ»,- հայտարարել է Ալիևը՝ կրկին Արցախը համարելով «Ադրբեջանի մաս» ու հնչեցնելով հերթական սպառնալիքւ։
«Եթե Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս հանել, ապա թող բացեիբաց ասի մեզ այդ մասին, մենք գիտենք՝ ինչ կանենք։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը․ հավանաբար, հիմա տեղին չէ այդ մասին խոսելը»,- ասել է Ալիևը։











