Ալիևը գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է

56

«Ռազմագերիներն օգտագործվելու են Ադրբեջանի համար ձեռնտու այս կամ այն հարցերով տորգում»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում ռազմագերիներին:

Արիֆ Յունուսովի խոսքով՝ ռազմագերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է. եթե սկզբում Ադրբեջանն ու Հայաստանն ակտիվ փոխանակվում էին գերիներով, ապա դեկտեմբերին Ադրբեջանը կտրուկ փոխեց դիրքորոշումը, և  գերիները հայտարարվեցին ահաբեկիչներ, քանի որ գերության մեջ հայտնվեցին հայտարարության ստորագրումից հետո, և պարզ դարձավ, որ իրականում նրանք դարձան և դառնալու են առևտրի առարկա հայկական կողմի հետ:

«Օրինակ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է: Այսինքն՝ հայկական կողմն այս կամ այն ձևով տեղեկացված է կամ գիտի դրա մասին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունեցել նրա այցի հետ կապված: Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկինն էր, փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան»,- նման ուշագրավ հայտարարություն արեց ադրբեջանցի վերլուծաբանը: