Ալիևի ախորժակն ավելի է մեծացել․ Փաշինյանին առաջարկել է ինչպես այսպես կոչված «Զանգեզուրյան» միջացքի երկու կողմերում, այնպես էլ Բերձորի և Հայաստանի միջև անցակետեր տեղադրել

189

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացահայտել է Փաշինյանի կառավարությանն արած իր պաշտոնական առաջարկի մասին։ Ալիևի խոսքով՝ առաջարկվել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել ինչպես այսպես կոչված «Զանգեզուրյան» միջացքի երկու կողմերում, այնպես էլ Բերձորի և Հայաստանի միջև։

Ըստ Ալիևի՝ Փաշինյանի կառավարությունը դեռ չի արձագանքել իր առաջարկին:

Եռակողմ հանդիպումը Ալիևը «արդյունավետ» է որակել։

«Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հարցը, փաստաթղթի ստորագրման պայմանները։ Իհարկե, ես վերահաստատեցի իմ դիրքորոշումը։ Գլխավորն այն է, որ «խաղաղության» այդ պայմանագիրը պետք է կնքվի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է նա: