ԱՀԿ-ն է գերակա, թե Սահմանադրությունը. ԼՀԿ պատգամավոր

4
«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծում առկա են մի շարք թերություններ, որոնք անթույլատրելի են, եթե այսպես մնան։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այն դրույթը, որը սահմանում է, որ միջազգային կազմակերպության՝ տվյալ դեպքում՝ ԱՀԿ որոշումները պարտադիր պետք է լինեն ՀՀ-ում, հակասում է մեր Սահմանադրությանը։

«Մեր Սահմանադրության համաձայն՝ միայն միջազգային պայմանագրերը, որոնք վավերացված են ՀՀ կողմից, դրանք կարող են պարտադիր լինել։ Իսկ միջազգային կազմակերպությունների որոշումները, որոնք իրենց կանոնադրության համաձայն պարտադիր չեն, չեն կարող կիրառվել Հայաստանում։ Այս դրույթն ամբողջությամբ պետք է հանել, ինչքան էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը լավ որոշումներ կայացնի, դրանք ուղղակի գործողություններ չպետք է ունենան ՀՀ-ում, այլ միայն կառավարության ու Աժ որոշմամբ կարող են կիրառվել»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Մյուս կարևոր հարցն, ըստ Սիմոնյանի, մարդկանց ազատությունների սահմանափակումն է։ «Փոխնախարարը նշեց, որ մեկուսացումների, ինքնամեկուսացման կարգը օրենքով է սահմանվա,ծ և կառավարությունը միայն դրան հետևելով պետք է ենթակարգ սահմանի, բայց այդպես չէ։ Օրենքով սահմանված են միայն դեպքերը, ոչ թե կարգը։ Իսկ թե մեր Սահմանադրությամբ, թե միջազգային մեր պայմանագրերով ազատությունների սահմանափակման կարգը հնարավոր է բացառապես օրենքով։ Հետևաբար, այս օրենսդրական փաթեթում պետք է լիներ գործողությունների ամբողջությունը», հավելեց նա։