Մեղադրանք է առաջադրվել օրենքով գող Զապին՝ քրեական բնույթի խմբավորում կազմավորելու եւ ղեկավարելու համար: Զապը նշանակալի ֆիգուր է Հայաստանի ոչ միայն քրեական, այլ նաեւ քաղաքական հարաբերությունների պատմության մեջ: Թեեւ, այդ իմաստով քրեականության եւ քաղաքականության սերտաճումը Հայաստանում հայտնի երեւույթ է: Այդուհանդերձ, օրենքով այդ գողի անունը քաղաքական հարթությունում ինտենսիվորեն շոշափվում էր 2014-15 թվականներին՝ հայ-չեխական հարաբերության տիրույթում:
Բանն այն է, որ Չեխիան Հայաստանից պահանջում էր արտահանձնել նրան, որին փնտրում էին չեխ իրավապահները: Ավելին, ըստ ժամանակի հայկական մամուլի հրապարակումների, այդ պահանջը Չեխիան ներկայացրել էր 2015-ի հունիսին Պրահա այցելած Հովիկ Աբրահամյանին, որն այն ժամանակ վարչապետ էր: Ըստ մամուլի, Աբրահամյանի առաջ դրվել էր պայման՝ ներդրումային գործակցություն կլինի, եթե Զապը լինի Չեխիայի իրավապահների ենթակայության տակ: Իսկ հայկական մամուլը գրում էր այն ժամանակ, որ Աբրահամյանն Զապի հետ կապեր ունի եւ անգամ որդին հանդիպել է օրենքով գողին:
Որքանով էին այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, միարժեք ասել հնարավոր չէ, բայց օրենքով գողը ոչ միայն չարտահանձնվեց Չեխիային, այլ Հայաստանում ազատ արձակվեց:
Իսկ Հովիկ Աբրահամյանի Չեխիա այցը չունեցավ բավարար արդյունք, ինչը նրա համար հույժ կարեւոր էր Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու համար մղվող ներքին պայքարում: Հովիկ Աբրահամյանը 2015-ին Չեխիա այցի ընթացքում անգամ օդանավում «պատահաբար չհանդիպեց» Ռոբերտ Քոչարյանին, ինչպես դա եղել էր 2012 թվականին Չեխիա մեկնելիս՝ այն ժամանակ որպես Հայաստանի ԱԺ նախագահ:
Արդյոք ներկայում կարդիականանա Չեխիայի հետաքրքրությունն օրենքով գողի նկատմամբ, որին ձերբակալել են Երեւանում: Եթե իհարկե Պրահայում դեռ ունեն հետաքրքրություն եւ կլանված չեն այն իրադարձություններով, որ տեղի են ունենում ավելի մոտ հարեւանությամբ՝ Բելառուսում, որտեղից ի դեպ Լուկաշենկոն մեղադրանքներ է հղում իրենց հասցեին:














