Ադրբեջանը շարունակում է ստել․ Հասանովը սահմանային լարվածության մեղքը գցել է Հայաստանի վրա

29
Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության ժամանակ, իր ԶՈւ-ի սադրանքները կրկին բարդել է Հայաստանի վրա և լարվածության ու էսկալացիայի մեղքը գցել մեզ վրա։

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարներ, զորամասերի հրամանատարներ, գլխավոր վարչությունների, նախարարության վարչությունների և ծառայությունների ղեկավարներ:

Հասանովը խորհրդակցության մասնակիցների հիշեցրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի այն խոսքերը, թե պատերազմն անցյալում է, բայց ցանկացած պահի պետք է պատրաստ լինել պատերազմի, ընդգծելով զինված ուժերի անձնակազմի մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական մակարդակի բարձրացման կարևորությունը: Նա հրահանգել է բարձրացնել մարտական հերթապահություն կատարող զինծառայողների զգոնությունը և ընդլայնել ստորաբաժանումների նյութատեխնիկական ապահովման հնարավորությունները: Վերլուծելով իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը՝ Հասանովն ասել է, որ «լարվածության սրման համար պատասխանատվությունը կրում է Հայաստանը»:

Ըստ այդմ, նա հրահանգներ է տվել հրամանատարական անձնակազմին՝ կապված իբր թե «Հայաստանի զինված ուժերի կողմից հնարավոր սադրանքների հետ»: