Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում, առաջնագծում ռազմական նախապատրաստություն է․ երկիրը պատերազմի՞ է պատրաստվում․ BBC

12
Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին լրատվամիջոցին պատմել են հենց տեղի բնակիչները։ Այս մասին հաղորդում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը։

Նրանք ասել են, որ Թովուզի շրջանում հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո սահմանամերձ ու առաջնագծին մոտ գտնվող գյուղերում աննախադեպ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Լրատվամիջոցի հետ զրույցում լրագրող Աֆգան Մուխթարլին ասել է, որ սահմանամերձ ու առաջնագծին մոտ շրջաններից տեղեկություններ է ստացել, որ այնտեղ ամրացման աշխատանքներ են իրականացվում։

«Շրջանից իմ ընկերները պատմել են, որ թովուզյան մարտերից հետո ադրբեջանական կողմը մեծ աշխատանքներ է տանում՝ ռազմաճակատի ամբողջ երկայնքով պաշտպանական ամրությունները ամրապնդման համար։ Առաջնագծին մոտ գյուղերում ու տներում պաշտպանական ամրություններ են կառուցվում»,- ասել է Մուխթարլին։

BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ռազմական մեկնաբան Ուզեիր Ջաֆարովն էլ նշել է, որ քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, մարտական գործողությունների ցանկացած պահի կարելի է սպասել։

Նա խոսել է նաև մարտական գործողություններում Թուրքիայի աջակցության մասին՝ այն առանցքային համարելով։ «Թուրքիայի հայտարարությունը հուլիսին, որ նրանք կաջակցեն Ադրբեջանին, շատ կարևոր է։ Մինչ այս Թուրքիան իր աջակցությունն արտահայտել է միայն դիվանագիտական լեզվով, բայց այս անգամ ուղղակի հայտարարեց, որ ցանկացած իրավիճակում կաջակցի Ադրբեջանին»,- ասել է Ջաֆարովը։