Ադրբեջանը պատրաստվում է գնել իտալական M-346 գրոհային ինքնաթիռներ

38
M-346 Fighter Attack

Իտալական Leonardo ընկերությունը նախատեսում է M-346 Fighter Attack առաջին ինքնաթիռները հանձնել միջազգային պատվիրատուին, որը, ամենայն հավանականությամբ, լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ Ադրբեջանը։ Այս մասին տեղեկացնում է Panarmenian.net-ը։

2020-ի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Իտալիա այցի ընթացքում իտալական Leonardo ընկերության հետ ստորագրվել էր M-346 ուսումնամարտական ինքնաթիռներ գնելու մասին փաստաթուղթ։

Ադրբեջանը պատրաստվում է գնել ուսումնամարզական M-346 ինքնաթիռի գրոհային տարբերակը։ Ըստ արտադրող ընկերության ավիացիոն բաժնի ղեկավար Լուչիո Վալերիո Չոֆիի՝ գրոհիչը պահպանել է ուսումնամարզական տարբերակի բոլոր բնութագրերը, իսկ նոր բաղադրիչներով, այդ թվում՝ ռադարով և ընդունող-հաղորդող սարքերով դարձել է դիպուկ և էֆեկտիվ թեթև մարտական գրոհիչ ինքնաթիռ։ Գրոհիչ ինքնաթիռները նախատեսված են նաև հակառակորդի տարածքում ցամաքային կոնկրետ թիրախների խոցման համար։

Կասկածից դուրս է, որ ստանալու դեպքում Ադրբեջանն իտալական այս ինքնաթիռները կիրառելու է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ռազմական օբյեկտների դեմ, այլև հենց այնտեղ ապրող բնակիչների։