Ադրբեջանը պահանջում է դադարեցնել Երասխի գործարանի կառուցումը

68

Ադրբեջանն այնքան է չափերն անցել, որ արդեն իսկ ուղիղ ձևով փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին, անգամ պարտադրել փակել գործարան։

Ըստ այդմ, Ադրբեջանը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ կայքի՝ նամակում ասվում է, որ Երասխ գյուղի մոտ իրականացվող աշխատանքների հետ կապված, հարուցվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման անդրսահմանային համատեքստում» կոնվենցիայով։

Կոնվենցիայի մեկ այլ հոդվածով «Հայաստանն իբր թե պարտավոր է Ադրբեջանին ծանուցել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին»։

Ի դեպ, նույն նամակից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջել է անհապաղ դադարեցնել ատոմակայանի շինարարությունը, քանի դեռ նախագծի անդրսահմանային ազդեցության հետ կապված հարցերն ամբողջությամբ չեն պարզաբանվել և համարժեք դիտարկվել։ Այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։