Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացումից զատ, Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հակամարտությունների դադարեցմանը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և ռուս-ուկրաինական պատերազմին:
Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ցանկանում է շարունակել իր ջանքերը ղարաբաղյան հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ, բայց քանի որ Ադրբեջանը խոչընդոտում է Մինսկի խմբի եռանախագահների աշխատանքին, այդ իսկ պատճառով Փարիզը փորձում է հայ-ադրբեջանական երկխոսության ապահովման այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով:











