Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը դեռևս թույլ չի տալիս գալ Արցախ

42
Դադիվանք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ադրբեջանից դեռս պատասխան չի ստացել կազմակերպության փորձագիտական առաքելությանը Արցախ ուղարկելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կազմակերպության մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Էռնեստո Օտտոնեն:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել էր փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության պաշտպանության համար:

«Առայժմ միայն Ադրբեջանի պատասխանին ենք սպասում, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ – ն կարողանա առաջ շարժվել առաքելություն ուղարկելու ուղղությամբ», – ասել է Օտտոնեն:

Նրա խոսքով ՝ Ադրբեջանի իշխանություններին բազմիցս դիմել են այդ հարցով, բայց ապարդյուն։

«Յուրաքանչյուր օրը մշակութային արժեքների վիճակի գնահատումն ավելի բարդ է դարձնում` հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները, որոնք առաջիկա շաբաթներին կվատթարանան։ Կրակի դադարեցման արդյունքում բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի։ Պատմական ժառանգության պահպանումը կարևոր պայման է կայուն և ամուր աշխարհ ստեղծելու համար: Ակնկալում ենք, որ Բաքուն անհապաղ կարձագանքի, որպեսզի գործնական փուլ տեղափոխվեն վերջին մի քանի շաբաթների ընթացքում տեղի ունեցած կառուցողական քննարկումները», – նշել է Օտտոնեն։

Հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունները նոյեմբերի 11–ին և հաջորդող օրերին Երևանում հանրահավաքներ և երթեր էին իրականացնում, որի թեման պատերազմի դադարեցման մասին որոշումն ու դրա հետ կապված հետագա անելիքներն էին։