Այսօր առավոտյան հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, մեր զորքերը համառ մարտեր են վարում՝ հետ շպրտելով հակառակորդին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ միաժամանակ Ադրբեջանի ԶՈւ-ն սկսել է ինտենսիվորեն հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին տեղեկատվությունը ճշգրտվում է։
«Ընդհանուր առմամբ ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են։ Բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսեց սաստկանալ։ Քիչ առաջ ապատեղեկատվություն տարածվեց ադրբեջանական կողմից, որ իբր ՀՀ որոշ շրջաններից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը, մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Այն տեսանյութը, որը փորձել են ներկայացնել որպես ապացույց, որևէ բան չի ապացուցում, թե տվյալ հրթիռային հարձակումները որտեղից են կիրառվում։ Եվ դեռ հարց է՝ ընդհանրապես հայաստանյան ու Արցախի հատվածից է, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է խոսքը»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ շատ հաճախ Արցախի որոշ շրջաններ այս կամ այն կերպ արդեն ճանաչվում են որպես Հայաստանի մաս։ Արդեն որերորդ անգամ է այս գիծը տարվում է ադրբեջանական լրատվամիջոցներում։











