Ադրբեջանում Սերբիայի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ՝ Սերբիայի կողմից ՀՀ-ին ականանետներ մատակարարելու լուրերի առնչությամբ

34
Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել՝ Սերբիայի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ ականանետներ մատակարարելու մասին լուրերի առնչությամբ, և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հանդիպման ժամանակ Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Սերբիայից Հայաստան է տեղափոխվել մեծաքանակ զինամթերք` ներառյալ ականանետներ և տարբեր տրամաչափի զենքեր:

Ադրբեջանի փոխարտգործնախարարը նշել է, որ Սերբիայի այդ «քայլը խորը ափսոսանք և հիասթափություն է առաջացնում ադրբեջանցի ժողովրդի ու երկրի ղեկավարության մոտ, ինչպես նաև վնասում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը»:

Խալիֆովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարցի շուրջ Սերբիայից բացատրության է սպասում։

Դանիցա Վեյնովիչն իր հերթին նշել է, որ նման տեղեկության չի տիրապետում, և որ միջադեպի մասին Բելգրադին տեղյակ կպահի։

Հավելենք՝ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, թե Սերբիայից Հայաստան են ուղարկվել տարբեր տրամաչափի ականանետներ: Նշվում է, որ դրանք Հայաստան են հասցվել Վրաստանի տարածքով: