Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողներին, ովքեր մասնակցել են 2016 թվականի ապրիլյան պատերազմին կամ արցախյան առաջին պատերազմին։ Հայ գերիների իրավունքների խախտումներին նվիրված զեկույցի ներկայացմանը հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Ծեծելով, խոշտանգելով ստացել են այդպիսի տեղեկություններ և դրա հիման վրա էլ ենթարկել են այդպիսի դաժան վերաբերմունքի», – ասաց Արման Թաթոյանը։
Պաշտպանի խոսքով՝ 20-ամյա ռազմագերիներից մեկին ստիպել են հագնել կանացի հագուստ, ենթարկել են նվաստացման։ Եղել են դեպքեր, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձանց ներգրավվելով։ Օրինակ, հիվանդանոցներում անցնող-դարձողները թքել են ռազմագերու վրա, ծեծել, բռնություն են գործադրել, և այդ ամենն արվել է հատուկ ծառայության աշխատակցի ներկայությամբ։
«Քաղաքացիական անձանց հանդեպ նույնպես դաժան է եղել վերաբերմունքը։ Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ այլ քաղաքացիական անձ գերու ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է և մարմինը մի քանի օր մնացել է խցում», – ներկայացրեց Թաթոյանը։











