Օրեր առաջ սոցիալական ցանցում և մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ 2 տարուց ավելի գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքյանը Բաքվի բանտում խոշտանգումների ենթարկվելով դաժանաբար սպանվել է։ Օրեր շարունակ մամուլում շրջանառվող տեղեկությունը, ինչպես պարզվեց, իրականությանը չի համապատասխանում։ Ապրիլի 3-ի դրությամբ՝ Վիգեն Էուլջեքյանը ողջ է։
Սակայն «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան Կարմիր խաչի միջազգային կոմիտեից են, որ ԿՄԽԿ ներկայացուցիչներն ապրիլի 3-ին տեսակցել են 44-օրյա պատերազմից հետո գերեվարված, ապա՝ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին։
Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը Շուշիում էր վերաբնակվել 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ։ Գերեվարվեց եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ Մարալ Նաջարյանի հետ Բերձոր, ապա Շուշի էին գնացել՝ անձնական իրերի հետևից։ Մարալ Նաջարյանը Լիբանանի Կառավարության ջանքերով 2021 թվականի մարտին ազատվել էր ադրբեջանական գերությունից, իսկ Վիգեն Էուլջեքյանը 2021թ հունիսին Բաքվում դատապարտվել է ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց , որ ապրիլի 3-ին ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին, առանձնազրույց ունեցել։
«Հնարավորություն է տրվել նաև հեռախոսազանգ կատարել ընտանիքի անդամների հետ և այլ կապի միջոցների կիրառում»,- նշեց Ամատունին։
Ինչ վերաբերում է Վիգեն Էուլջեքյանի առողջական վիճակին և պահման պայմաններին, արդյո՞ք խոշտանմգման, բռնության հետքեր հայտնաբերվել են, Ամատունին նշեց. «Մենք չենք կարող որևէ մանրամասներ հաղորդել առողջական վիճակի, պահման պայմանների մասին, բայց, իհարկե, դա գտնվում է մեր ուշադրության կենտրոնում՝ հաշվի առնելով, որ տեսակցության առանցքը հենց դա է։ Այսինքն, անձանց, որոնք պահվում են մյուս կողմում, տեսակցելու հիմնական նպատակը հենց դա է, որ հետևենք նրանց պահման պայմաններին, առողջական վիճակին և հնարավորություն տանք, որ կարողանան կապը պահել ընտանիքի անդամների հետ։ Այս տեսակցության շրջանակներում ևս այդ բոլոր հարցերին անդրադարձել ենք, բայց չեմ կարող որևէ մանրամասներ հաղորդել, քանի որ դրանք մնում են միայն մեր և իշխանությունների քննարկման թեման»։