Ընտրություններից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի թեման, կարծես թե, օրակարգից դուրս է մնացել, վերջին անգամ գերիներ են վերադարձվել Հայաստան հենց նախընտրական ժամանակահատվածում։ Ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը համաձայն է, որ կա պասիվություն․
«Ընդհանուր առմամբ` ճիշտ եք նկատել, որ կա պասիվություն, այս հարցով տեղաշարժի ակնկալիք չկա, և դրանով պայմանավորված իշխանությունները լռում են, կան նաև զարգացումներ, որոնք չեն կարող նպաստել խնդրի լուծմանը, մասնավորապես սահմանամերձ հատվածներում անընդհատ լինում են միջադեպեր, և նաև երկկողմ հռետորաբանությունն է փոխված, և հասկանալի է, որ քաղաքականապես լարված իրավիճակ է, կան առկախված խնդիրներ, որոնք պետք է լուծվեն Հայաստանի իշխանությունների կողմից, և քանի դեռ այդ խնդիրները լուծված չեն, որևէ դրական տեղաշարժ հնարավոր չէ սպասել։ Մոտալուտ վերադարձի ակնկալիքներ մենք չունենք , նաև պասիվ է եղել միջազգային գործընկերների աշխատանքը, ինչը կապված էր արձակուրդային ժամանակահատվածի հետ, բայց կարող եմ ասել, որ սեպտեմբեր ամսին, և առհասարակ, աշնանը նախատեսված են մի շարք քննարկումներ միջազգային կառույցներում, և եթե այս քննարկումները ընթանան ճիշտ ուղղությամբ, պատշաճ ներգրավվածություն ունենան իրական իրավապաշտպանները, փաստահավաքություն իրականացնեն և ներկայացնեն միջազգային գործընկերներին, դա համակցվի քաղաքական-դիվանագիտական աշխատանքով, ապա այս քննարկումների արդյունքում կարելի է ակնկալել միջազգային ճնշում և տեղաշարժեր»,- պատասխանեց Սահակյանը։
Սահակյանը, սակայն, համոզմունք հայտնեց, որ Բաքվում դատապարտված հայ ռազմագերիները չեն մնա այնտեղ 15-20 տարի, այլ ավելի կարճ ժամանակ հետո կվերադառնան Հայաստան․
«Վստահ կարող եմ ասել, որ այդ 6, 15 կամ 20 տարիները չեն անցնելու և ավելի կարճ ժամկետներում մենք իրավական մակարդակում կարողանալու ենք ապահովել մեր ռազմագերիների վերադարձը։ Թիվը չպաշտոնականացված ռազմագերիների մասով մենք կարծում ենք, որ 80 ռազմագերու առնչությամբ ունենք անվիճելի ապացույցներ, որ նրանք գերեվարվել են, այլ հարց է, որ գերեվարումից հետո որքա՞ն ժամանակ են ողջ մնացել կամ արդյո՞ք այս պահին ողջ են, այնտեղ բավարար ապացույցներ չկան։ Այս պաշտոնական 45-ից զատ ևս 80 ռազմագերիներ պետք է իրականում վերադարձվեին Հայաստանին»։











