Ադրբեջանում դեռևս կան մեծաթիվ գերիներ. շուրջ 80 անձ բռնի անհայտացման է ենթարկվել. Սիրանուշ Սահակյան

67

Չափազանց կարևոր և զգայուն խնդիր է, որ ունենք շուրջ ութ տասնյակ գերիներ, որոնք առ այսօր պաշտոնապես չեն ընդունվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, և այս ընթացքում ենթարկվել են բռնի անհայտացման։ Այս տվյալները հրավիրված մամուլի ասուլիսին փոխանցեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ունենք 156 գերի, որոնք հայրենադարձվել են, բայց և կան մեծաթիվ գերիներ, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում։  Մինչև սեպտեմբերի 13-ի պատերազմը՝ Ադրբեջանում պահվող գերիների թիվը պաշտոնապես 33 է, իսկ հետպատերազմյան շրջանում ունենք շուրջ 20 նոր գերեվարման դեպք»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ գերիների հարցով իրավական ջանքերը բավականին ինտենսիվ են եղել, որոշ դեպքերում նաև աննախադեպ, որովհետև Հայաստանը նախկինում զերծ է մնացել որևէ պետության դեմ միջպետական գործեր ներկայացնելուց, թեև անհատական ջանքերով ունեցել ենք միջպետական բնույթ ունեցող գործեր, բայց պետությունն իր դեմքով առաջին անգամ է, որ այդքան ակտիվ է գործում միջազգային իրավական ատյաններում։

Սիրանուշ Սահակյանի գնահատմամբ՝ միակ բացը, որը կարելի է լրացնել իրավական գործընթացում՝ պատանդառության արգելման կոնվենցիայի շրջանակներում գործընթաց նախաձեռնելն է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում, քանի որ զարգացումները ցույց տվեցին, որ գերիները դադարել են զուտ գերիներ լինելուց, նրանք որպես պատանդներ պահվում են և օգտագործվում են որպես միջոց՝ ՀՀ-ի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու նպատակով և նրանց հայրենադարձումն ուղղակի կապի մեջ է դրված քաղաքական բնույթ ունեցող հարցերի լուծումից։