Բաքվի հերթական աչքակապությունն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Օգոստոսի 22-ին, ժամը 19։30-ին ավագ լեյտենանտ Գուրգեն Ալավերդյանը ծառայության ստուգման նպատակով գնացել էր մարտական հենակետ, բայց բարդ եղանակային պայմանների պատճառով կորցրել կողմնորոշումը եւ մոլորվել։ Այս մասին գրում է Lragir.am-ը։
Ավելի ուշ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական ԶՈւ-ն «գերի է վերցրել հայկական հետախուզադիվերսիոն խմբի հրամանատարին»՝ որպես «ապացույց» ներկայացնելով զենքի ու սեւ գույնի համազգեստի լուսանկարներ, որը կիրառում են հենց Ադրբեջանի՝ այդ ուղղությամբ գործող հատուկ ստորաբաժանումները։ Հասկանալով, որ ներկայացվածը համոզիչ չէ, ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Ալավերդյանը տեքստ է կարդում, որ իբր ցանկանում է Ադրբեջանում մնալ։ Ընդ որում, բերվում է դեպքերի եւս մեկ անհամոզիչ բացատրություն, իբր Ալավերդյանի շուրթերից․ «Երբ մտանք մարտական դիրքի տարածք, հնչեց տագնապի ազդանշան, եւ մենք ստիպված էինք նահանջել։ Իմ խմբի անդամներին հաջողվեց փախչել, բայց մառախուղի պատճառով չկարողացա հստակ որոշել ուղղությունը եւ գերի վերցվեցի․․․»։
Եթե դա դիվերսիա էր, ապա «խմբի մյուս անդամները» ինչպե՞ս կարողացան այդքան հեշտ նահանջել՝ չկատարելով առաջադրանքը ու չթողնելով ոչ մի զոհ կամ վիրավոր։ Նահանջել առանց իրենց ընկերո՞ջ ու ոչ մի հետք չթողնելո՞վ։
Սոցցանցերի ադրբեջանական սեգմենտի օգտատերերն այնքան էլ հակված չեն հավատալու այդ հիմարությանը եւ գրում են, որ անգամ Յութուբում անչափահասների տեղադրած տեսահոլովակներն ավելի որակյալ են նկարահանվում ու մոնտաժվում, քան Ադրբեջանի հատուկ ծառայություններինը, որը մտածել է այդ խալտուրան։











