Ադրբեջանն ու Թուրքիան կանգնած են իրենց 100-ամյա երազանքը կյանքի կոչելու` 2 երկրներն իրար կապող ցամաքային ճանապարհ կառուցելու շեմին, մինչդեռ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում այդ վտանգավոր միջանցքի կառուցմանը խոչընդոտելու համար:
Նոր միջանցքը երկու երկրներին հնարավորություն կտա առնվազն 3`քաղաքական, տնտեսական և սիմվոլիկ խնդիրներ լուծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Այդ միջանցքը թյուրքական աշխարհի, Թուրքիայի և Ադրբեջանի հարյուրամյա երազանքն է, դեռևս անցյալ դարի 1920-ական թվականներին այդ գաղափարը նրանց համար եղել է ամենակարևորը` Թուրքիան Ադրբեջանի հետ ցամաքով կապելը համարվել է մեծագույն խնդիր»,- ասաց նա։
«Հայաստանը և կոնկրետ Զանգեզուրը նրանք համարում էին անիծյալ սեպ, որը խրված է երկու երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սրանք զուտ կապրիզներ չեն, սրանք շատ կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներ են պարունակում, որ այս իշխանությունները չկարողացան գիտակցել և հեշտությամբ զիջեցին»,- նշեց թուրքագետը։
Մելքոնյանի կարծիքով`նոր միջանցքը որևէ կարգավիճակ կստանա, որի նկատմամբ Ադրբեջանը կունենա առանձնահատուկ իրավունքներ և կշրջանցի նաև Հայաստանի ինքնիշխանությունը։











