Ադրբեջանն օգտագործում է հարմար պահը` կրկին առավելություններ, կրկին ինչ-որ բան ստանալու համար․ Զատուլին

113
Կոնստանտին Զատուլին

Ռուսաստանի հնարավորությունները չեն սահմանափակվում ռուս զինծառայողների քանակական կազմով, որոնք այս պահին գտնվում են Հայաստանում, եւ բանն անգամ ռուս զինծառայողների քանակը չէ, այլ նրանց ներկայության փաստը։ Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը՝ խոսելով Հայաստանի սահմաններում տիրող վիճակի և ՌԴ օգնության մասին։

«Ես կարծում եմ, որ բոլորն են հասկանում աշխարհում, որ ինքնին Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում նշանակում է, որ Մոսկվան ուշադիր հետեւում է իրադարձություններին, եւ այս իմաստով նույնպես անվտանգության երաշխավոր է, ինչպես եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս մասնակիցները։ Մենք գիտենք, որ բանակցություններ են ընթանում։ Հայկական տարածքում ինչ-որ  հեռավորությամբ խորանալու հնարավորությունն իսկ առաջ է եկել, ինչպես ես եմ հասկանում, հենց որովհետեւ Հայաստանի սեփական սահմանապահ զորքերը, Հայաստանի զինծառայողները չեն գտնվել սահմանագծին, այլ եղել են տարածքի խորքում, ինչը ֆիզիկական հնարավորություն է ստեղծել այդ հեռավորությունը հաղթահարելու համար»,- ավելացրել է պատգամավորը։

Զատուլինը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմում պարտվելուց հետո պարզ դարձավ, որ մեծ ջանքեր են պահանջվում ոչ միայն Հայաստանի զինված ուժերի, այլեւ ընդհանուր Հայաստանի պաշտպանունակության, բարոյական վիճակի, վստահության վերականգնման համար, որ երկիրը կարող է պաշտպանվել իր իսկ ուժերով:

«Տեղի ունեցածի պատճառն այն է, որ Հայաստանը հայտնվել է ներքին պառակտման վիճակում: Սակայն դա ոչ մի կերպ չի արդարացնում Ադրբեջանի սադրանքը` հայկական տարածքով տեղաշարժման տեսքով, որն օգտագործում է հարմար պահը` կրկին առավելություններ, կրկին ինչ-որ բան ստանալու համար: Սա լիովին թափանցիկ իրավիճակ է, եւ այն պետք է ախտորոշվի: Կապ չունի` դրա մասին հրապարակավ է հայտարարվել, թե  ոչ հրապարակավ: Վստահ եմ, որ ստատուս քվոն պետք է վերականգնվի»,- ասաց պատգամավորը: