Ադրբեջանի նախագահը լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը․ Արա Այվազյան

858
Արա Այվազյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն «անհիմն» է որակել Ադրբեջանի այն պնդումները, որ հակամարտությունն այլեւս հանգուցալուծված է:

«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նման հայտարարություններով հանդես եկող Ադրբեջանի նախագահն անգամ դեռեւս լիովին չի ընկալում իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթի էությունը: Ինչպես միանշանակորեն բխում է եռակողմ հայտարարության տեքստից եւ ինչպես վերջերս ընդգծել է այդ հրադադարի հաստատման միջնորդ հանդիսացող ՌԴ նախագահը՝ Արցախի վերջնական կարգավիճակի հարցը կարգավորված չէ եւ հանդիսանում է հետագա բանակցությունների առարկա: Այս հարցում համակարծիք են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կհամարվի լուծված միայն այն դեպքում, երբ Արցախի ժողովրդի կողմից իրականացված ինքնորոշման իրավունքը կճանաչվի միջազգային հանրության կողմից», – ասել է Արա Այվազյանը՝ Արմենպրեսին տված հարցազրույցում: