Ադրբեջանցիները Նախիջևանի սահմանին մաքսային տերմինալ են կառուցել. փորձելու են ստանալ Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը

274

Գորիս-Կապան M2 ճանապարհը հատվածը կորցնելով, կորցրինք նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այսինքն հիմա մեր 4 գյուղերի հայրենակիցները՝ թվով 600 հոգի, Կապան հասնելու համար պետք է շրջադարձ կատարեն Մեղրիով, Քաջարանով՝ անցնելով 150 կմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Անդրադառնալով Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհին, Հակոբյանը նշեց, որ այն կառուցված է սխալ նախագծով, բավականին նեղ է. «Այն արդեն շատ դժվարանցանելի է, քանի որ բոլոր մեքենաների հոսքն ուղղվում է այդ ճանապարհով, իսկ երբ ձյուն գա, սառցապատվի ճանապարհը, այն դառնալու է անանցանելի, և մեր հայրենակիցները արգելափակվելու են Կապանում, Քաջարանում, Մեղրիում»,-ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ այժմ ինտենսիվորեն կառուցվում է Անգեղակոթ-Շաղատ ճանապարհը․ «Եթե նայենք Google-ով, հաջորդիվ Նախիջևանի սահմանն է, և ադրբեջանցիները արդեն իսկ կառուցել, վերջացրել են մաքսային տերմինալ։ Նրանց ակտիվությունը հենց այդ հատվածում առնվազն իրավունք է տալիս մտածելու, որ ադրբեջանցիները փորձելու են այդ տեղով ստանալ ճանապարհ»,-ասաց նա: