Ադրբեջանցիները կրկին դիրքերի տեղաշարժ են արեgլ՝ մի քանի մետր կորզելու հույսերը կրկին արդարացել են ու անպատասխան մնացել ՀՀ իշխանությունների ու ռազմական գերատեսչությունների կողմից։
«Երեկ ադրբեջանական կողմը Ներքին Խնձորեսկում մի քանի տեղերում՝ սահմանային հատվածում դիրքային փոփոխություններ է կատարել՝ հիմք ընդունելով իրենց GPS կոչվածը։ Ավելի են խորացել դեպի Ներքին Խնձորեսկ՝ ասելով, որ այդ տարածքը եւս իրենց է պատկանում։ Գալիս, կանգնում են ու ասում, որ սա իրենց սահմանն է»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ Ներքին Խնձորեսկ մտնելու տեղեկություններին։ Հովսեփյանը եւս հաստատեց, որ ադրբեջանական զորքը Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղ չի մտել, սակայն նշեց, որ դիրքերն ավելի են մոտեցրել Ներքին Խնձորեսկին։
«50 մետր առաջ են գալիս, ասում են սա է մեր սահմանը, ուղղակի մի քիչ մոտեցել են, առանց այն էլ մի քանի մետրի վրա էին, մի քանի մետր էլ են մոտ, բայց մեր Ներքին խնձորեսկցիները պինդ են, հաստատակամ իրենց տեղերում կանգնած են խնդիր չկա»։











