Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել լարված մթնոլորտ։ Այսօր առավոտյան էլ հայկական կողմի ուղղությամբ ադրբեջանական դիրքերից ինտենսիվ կրակոցներ են արձակվել։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ գլխավոր դատախազությունը Facebook-ի պաշտոնական էջում։
Ադրբեջանական կողմից տարբեր միջոցներով փորձ է արվում խաթարել գյուղի բնականոն կյանքը, գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, խոչընդոտել գյուղական առօրյայի կազմակերպումը։
«Ռազմական ուժի կիրառման սպառնալիքին հոգեբանական ճնշման տեղեկատվական գրոհն ու բարձրախոսներով տարբեր բնույթի հայտարարությունների տարածման տարբերակը հավելելուց հետո այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին դիմել է սադրանքի՝ հայկական կողմի ուղղությամբ արձակելով ինտենսիվ կրակոցներ»,- նշված է հաղորդագրության մեջ։










