Թշնամին շարունակում է իր ահաբեկչական գործողություններն ընդդեմ Արցախի խաղաղ բնակիչների։ Այսօր՝ մարտի 4֊ին, ադրբեջանցիները փորձել են ահաբեկել Մարտունու շրջանի Նորշեն գյուղի բնակիչներին՝ կրակահերթեր արձակելով և օրեր առաջ Խրամորթում տարածած հայտնի ձայնագրությունը հնչեցնելով։
Ինչպես Նորշեն համայնքի բնակիչներից մեկը տեղեկացրեց «Ապառաժ»-ին, գյուղի մերձակա արոտավայրերում ռուս խաղաղապահների ներկայությամբ աշխատող գյուղացիներին վախեցնելու և աշխատանքները դադարեցնելու համար թշնամու զինծառայողները կրակահերթ են արձակել դեպի օդ։
Դեպքից հետո ռուս խաղաապահները իրենց հետևակի մարտական մեքենայի փողն ուղղել են դեպի թշնամու դիրքեր և գյուղացիներին ասել, որ ուշադրություն չդարձնեն, չվախենան և հանգիստ շարունակեն աշխատանքները, խոստանալով ապահովել նրանց անվտանգությունը։
Այդ ամենից հետո ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսով մեքենան մոտեցրել են դիրքերին և հնչեցրել հայտնի ձայնագրությունը, որը լսվել է Նորշեն և Աշան համայնքներում։











