Նա նաև նշեց, որ առհասարակ տարհանման մասին շատ բաներ հանրայնացման ենթակա չեն, ապա շարունակեց պատմել, որ հոկտեմբերի 30-ին Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը զանգահարել է իրեն և ցանկություն է հայտնել տարհանել ցուցանմուշները։ Սակայն, ցավոք, հաջողվել է տարհանել միայն թանգարանի գորգերի ցուցադրությունը։
«Ես առհասարակ չեմ ուզի, որ այստեղ որևէ մեկը փորձի մեղավորներ փնտրել, հատկապես նրանք, որոնց քիմքին մոտ չի եղել 44-օրյա պատերազմը։ Այո, եղել է թերացում, խուճապ, եղել է ոչ ճիշտ լրատվություն, որի հետ կապված է եղել Շուշիի արժեքների չտարհանելը։ Շուշիի թանգարանների ՊՈԱԿ տնօրենը խնամքով փաթեթավորել էր և ռմբապաստարաններով տեղավորել էր ցուցանմուշները։ Սակայն հոկտեմբերի 30-ին, երբ արդեն մտածել ենք, որ ռեալ իրական վտանգ կա, արդեն խիստ վտանգավոր է եղել այնտեղ մարդ ուղարկելը, այսինքն՝ մենք կարող էինք ունենալ մարդկային զոհեր»,- հավելեց Արցախի ԿԳՄՍ նախարարը։
«Պատերազմից հետո երկու կարևոր ինստիտուտ կա, որոնց հետ մենք սկսել ենք աշխատել՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և Արտգործնախարարությունը։ Մենք համապատասխան նամակներ ենք հղել միջազգային կարևորագույն կառույցների։ Այսօր կա մոտավորապես 2 հազար օկուպացված հուշարձան, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար։ Ունենք 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք»,- ընդգծեց նա։ Արցախի ԿԳՄՍ նախարարն իր ելույթում հպանցիկ անդրադարձավ նաև վերջերս ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևին: Նա որպես հաջողություն՝ նշեց Դադիվանքի և Նախիջևանի խաչքարերի մասին հիշատակումը, և որպես վրիպում՝ որակեց բանաձևում նշված «Ղըզնչի» և «Շուշա» բառերը:











