Ադրբեջանցիների ծրագիրն է միանալ Նախիջեւանին եւ գրավել Երեւանը․ Նորատ Տեր-Գրիգորյանց

147

Ադրբեջանի նպատակը չի փոխվել, նա ցանկանում է գրավել ամբողջ Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Երեւանը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված վտանգավոր իրավիճակին։

«Դա նրանց ծրագիրն է՝ միանալ Նախիջեւանին եւ գրավել Երեւանը։ Այդ խնդիրը նրանց առաջ 100 տարի է՝ դրված է, ոչինչ չի փոխվել»։

Գրիգորյանցը ցավով է արձանագրում՝ Հայաստանը թուլացած է, իսկ թշնամին դա տեսնում է։ Բացի այդ, ներսում ՝ հասարակական մակարդակում ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր են հնչում, իսկ դա միայն Ռուսաստանը չէ, որ տեսնում է։

«Թուրքն էլ է տեսնում, որ դուք դուրս եք եկել ձեր լավ, թե վատ, բայց միակ դաշնակցի դեմ, տեսնում է որ մոբիլիզացիա հայտարարված չէ, տեսնում է, որ անգամ մոբիլիզացիայի դեպքում տեխնիկա չունեք։ Պահեստներում պետք է այդ պաշարը լիներ։ Այս ամենը կարող է տանել Հայաստանի պետականության կորստին»,-ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Գեներալ-լեյտենանտը շեշտում է՝ դեռ մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը անդադար զորավարժություններ էր իրականացնում ՝ հատկապես Նախիջեւանում։ Դա մեկ բան էր նշանակում ՝ նրանք թաքնված մոբիլիզացիա էին իրականացնում։ Մինչդեռ Հայաստանի ղեկավարությունն անտեսում էր այն հուշումները, որ ստացվում էին։